Փաստորեն վարչապետ Կարեն Կարապետյանին հմտորեն դուրս են բերում հասարակական քննարկումների թիրախից՝ կամ թողնում են հանգիստ աշխատի, կամ չեն ուզում վարկանիշ հավաքի: Թիրախը փոխված է՝ Գագիկ Ծառուկյան: Համարյա երկու տարում Գագիկ Ծառուկյանը մնացել է անփոփոխ՝ նույն անկապ ու միալար խոսքաշարը, նույն անկապ ու անհասկանալի հագուկապը: Բայց խիստ գանգրահեր դառնալու հետ՝ դարձել է խիստ զայրացած: Երրորդ դեմքով ինքն իր մասին խոսելուն զուգընթաց՝ նա հիմա աջ ու ահյակ արտահայտում է իր նեղացածությունը ու հասցեատերը միայն լրագրողները չեն, խոսում է ներումից, որ հասկանան՝ ոչ մեկին ու ոչինչ չի ներել: Նրա վերադարձը հարուցում է հարցեր մի քանի հարթություններում՝ անձնական, մարդկային, կուսակցական, քաղաքական, ֆինանսական: Եթե անգամ այդ հարթությունները մեկտեղվեն, ոչ բոլորում է ամեն ինչ միանշանակ:
Նախ՝ անձնականը: Մարդուն վիրավորել են: Հրապարակավ ու գոտկատեղից ներքև հարվածելով: Հիմա ի՞նչ՝ համաներում հայտարարի ու ասի՝ ոչ մեկից չե՞մ նեղացել: Այսինքն՝ ճի՞շտ էին նրանք, որ ՀՀ նախագահից հետո մրցում էին միմյանց հետ անվանարկելու, վարկաբեկելու մեջ, իսկ այսօր ասում են՝ չի եղել անձնական ոչինչ, քաղաքական պայքար է: Շարունակի՞ գործակցել նրանց հետ՝ շատ լավ իմանալով, որ նրանք անհուսալի ու անաղուհաց են: Պատերա՞զմ հայտարարի ու երեսուն արծաթները վերադարձնի թե յուրայիններին, թե ոչ յուրայիններին: Որ ի՞նչ:
Մարդկային առումով նա իր վերադարձը պիտի բացատրի հասարակությանը: Ոչ նրանց, որ աղմկում են իր դռների առաջ, այլ նրանց, որ իր կարիքը կամ չեն զգում բոլորովին, կամ դեմ են իր վերադարձին, կամ վստահ են, որ շինծու վերադարձ է, ևս մի տագնապ, այս անգամ էլ կվերադառնա, ուր գնացել էր: Պարզապես չեն հավատում իրեն, իր խոսքին, որ այդպես էլ գործ չի դառնում՝ հակառակ նախընտրական կարգախոսի:
Կուսակցական առումով ամեն ինչ հստակ է՝ ԲՀԿ-ում Գագիկ Ծառուկյանը չունի յուրայիններ, չունի իրեն նվիրված մարդիկ, չունի թիմ և դա կապ չունի անցյալ տարվա իրադարձությունների հետ: Գագիկ Ծառուկյանն ունի ենթականեր՝ յուրաքանչյուրը իրեն համարում է նրանից խելոք, բայց ստիպված է համակերպվել նրա ղեկավարությանը: Եթե վերադառնում է, պիտի փոփոխություններ անի կուսակցության ներսում, չարեց՝ դառնալու է սիմվոլ: Հայաստանին մի սիմվոլն էլ հերիք է:
Քաղաքական առումով ո՞ւր է վերադառնալու: Նրա հեռանալուց հետո ԲՀԿ-ն իրեն ընդդիմություն հայտարարեց, բայց ինչպես նախկինում ընդդիմությունն արտահայտում էր միայն խոսքով: Կգտնվի՞ որևէ մեկը Հայաստանում, որ անկեղծորեն հավատա, թե Գագիկ Ծառուկյանի վերադարձով ԲՀԿ-ն դառնալու է ընդդիմադիր կուսակցություն: Եթե գտնվի, ուրեմն հիմար է: ԲՀԿ-ն ի սկզբանե եղել է իշխանական նախագիծ և իր զիգզագաձև պատմության ոչ մի կետում չի դադարել իշխանական լինելուց, ինչ-որ պահերի մոլորվել է իշխանության թևերի միջև: Քաղաքագիտական վերլուծությունն ու բուրժուական հեղափոխությունը լուրջ մի ընդունեք՝ ԲՀԿ-ն ապացուցեց, թե որքանով է ինքն անլուրջ վերաբերվել իր պատմության այդ հատվածին, ուրեմն ո՞վ պիտի հիմա հույս ունենա ԲՀԿ-ից լուրջ քայլերի ընդդիմադիր դաշտում: Նորի՞ց այլընտրանք: Նորի՞ց լարախաղացություն ոչ այս, ոչ այն կողմում, բայց դա արդյունավետ է հետընտրական, ոչ նախընտրական շրջանում ու հիմա միայն կխանգարի: Վերադառնա իշխանակա՞ն դաշտ, իսկ ո՞ւմ է պետք իշխանական դաշտում և ի՞նչ երաշխիքներ ունի, որ վերջապես կկատարի այն խնդիրը, որի համար ստեղծվել էր՝ հաղթել ՀՀԿ-ին: Նույնիսկ եթե հաղթի, ի՞նչ է անելու այդ հաղթանակը:
Ֆինանսականն ամենապարզ հարցն է՝ բոլորը նրանից փող են ուզում՝ որքան շատ, այնքան լավ: Կուսակցական գրասենյակների համար, որոնք ինչ արագությամբ ԲՀԿ-ի «համաժողովրդականության» օրերին բացվել էին, նույն արագությամբ փակվեցին: Ընտրական գործընթացների կազմակերպման ու ընտրակաշառքի համար: Այս անգամ քանի՞ միլիոն դոլար պիտի կորցնի խաղերում, որ անձամբ իրեն չեն տալու ավելին, քան ունի: ԱԺ նախագահ չի դառնա, վարչապետ չի դառնա, նախագահ չի դառնա, ԲՀԿ խմբակցության ղեկավարը հաստատ նրա մանկության երազանքը չի եղել:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Վերադառնալուց առաջ Գագիկ Ծառուկյանը նաև պիտի հասկանա, թե իրենից ի՞նչ են ուզում և ուզո՞ւմ է ինքն անել դա, թե՞ հարկադրված է: Հարվարդ չի ավարտել, բայց ինքն էլ հասկանում է, որ քաղաքական դաշտում իր վերադարձը խառնում է շատերի խաղաքարտերը, ու դա իրեն դարձնում է ամենախոցելի թիրախը: Ավելի, քան ՀՀԿ-ն է: Իսկ միֆական կոնսոլիդացիայի հետևից ընկնելու համար արդեն բավականին պատկառելի տարիք ու քաղաքական փորձ ունի, հետո ի՞նչ, որ գանգուրները պատանյակի են: